«Ինեկոբանկը» ձեռք է բերել «ՊրոԿրեդիտ Բանկի» 100 տոկոս բաժնետոմսերը. գործարքի ֆինանսավորումն իրականացվում է ՎԶԵԲ-ի կապիտալ ներդրման և «Ինեկոբանկի» երկու խոշոր բաժնետերերի կապիտալ համալրումների, Միջազգային ֆինանսական կորպորացիայից ներգրավված վարկային միջոցների հաշվին: ՎԶԵԲ-ը կատարում է 9,8 մլրդ ՀՀ դրամի կապիտալ ներդրում՝ ձեռք բերելով Ինեկոբանկ ՓՖԲԸ բաժնետոմսերի 22,7 %-ը, Միջազգային ֆինանսական կորպորացիայից ներգրավված վարկային միջոցները կազմում են 20 մլն ԱՄՆ դոլար: «ՊրոԿրեդիտ Բանկ ՓԲԸ-ի ձեռքբերումը և կապիտալի ավելացումը մեզ հնարավորություն կընձեռեն էականորեն բարելավելու միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին մատուցվող ծառայությունների որակը, հիմնվելով հաճախորդների գերազանց սպասարկման՝ Ինեկոբանկի և ՊրոԿրեդիտ բանկի միևնույն ավանդույթների վրա»,- ասել է Ինեկոբանկ ՓԲԸ գործադիր տնօրեն Տարոն Գանջալյանը: Մեկ տասնամյակ «Ինեկոբանկին» հաջողվել է իր եկամտաբերությամբ Հայաստանում լինել առաջատար դիրքում: «ՊրոԿրեդիտ Բանկի ներքին մշակույթը և արժեքներն ամբողջովին համընկնում են Ինեկոբանկի ստանդարտների և ընդունված արժեքների հետ: ՊրոԿրեդիտ բանկի թիրախային հաճախորդները նույնն են, ինչ Ինեկոբանկի հաճախորդները: Գործարքի արդյունքում միացյալ բանկը կլինի ամենաառաջատար բանկը փոքր և միջին ձեռնարկությունների համար: Այս քայլը մեզ հնարավորություն կընձեռի ավելի ցածր տոկոսներով միջազգային շուկաներից ներգրավել ռեսուրսներ և տրամադրել փոքր և միջին ձեռնարկություններին, կկարողանանք ավելի մեծ ներդրումներ կատարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որը կնպաստի մեր հաճախորդներին ավելի արհեստավարժ և որակյալ ծառայություններ մատուցելուն»,- ասաց Ինեկոբանկ ՓԲԸ գործադիր տնօրեն Տարոն Գանջալյանը՝ հավելելով, որ ՊրոԿրեդիտի ներկա հաճախորդների գործող պայմանագրերն ամբողջությամբ ուժի մեջ են, իրավահաջորդը կլինի Ինեկոբանկը: